Ռուսաստանը հայ իրավապահներին է հանձնում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցած քրեական գործի քննությունը:
"ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ
Յուրի Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ
Վալերի Զորկինի հետ", - ասված է ՀՀ դատախողության տարածած հաղորդագրության մեջ:
"Պերմյակովի գործը" Հայաստանի արդարադատությանը հանձնելու մասին առաջին անգամ
հայտարարեց ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարար
Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը՝ վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից: Արդյունքում, ըստ տարածած հաղորդագրության, կայացվել է իրավական որոշում՝ ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով, ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:
Դատախազությունից տեղեկացնում են, որ հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: "Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից", - նշված է հաղորդագրության մեջ:
"Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների միջոցով", - տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող
Վալերի Պերմյակովը։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Գործի քննությունը գտնվում էր ռուսական կողմի իրավասության տակ, ինչն առաջացրել էր դժգոհություններ Հայաստանի հասարակական և քաղաքական շրջանակներում: Ողբերգական սպանությունը ստացավ մեծ հասարակական հնչեղություն: Գյումրիում և Երևանում միաժամանակ անցկացվեցին մի քանի մասսայական բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջում էին սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը:
Հայաստանի գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմեց Ռուսաստանի իր գորընկերոջը՝ Գյումրիում մեկ ընտանիքի 7 անդամների դաժան սպանության դեպքով «հարուցած քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ»: