24.11.2024
«Դժոխք անիվների վրա». Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել
prev Նախորդ նորություն

ԼՂ խնդրի ցանկացած լուծում պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ տա. ԱԳՆ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԼՂՀ հարցի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:


Կարեւորագույն մոտեցումներից առաջինը, նշեց ՀՀ արտգործնախարարը, բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու մոտեցումն է: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Բանակցային գործընթացի հիմքում, հիշեցրեց Նալբանդյանը, խարսխված է նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, որոնք որդեգրված են եռանախագահների ու միջազգային կառույցների կողմից:


«Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ընդունում է այս սկզբունքները, որպես բանակցությունների համար հիմք, իսկ Ադրբեջանը բացառում է: Չի կարող կարգավորում լինել, քանի այս սկզբունքները չեն ամրապնդվել: Միջազգային միջնորդների դիրքորոշումները ներկայացված են եռանախագահ երկրների ներկայացուցիչների 5 հայտարարությունում, որին մենք բազմիցս տվել ենք մեր համաձայնությունը: Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ նրանց արած հինգ հայտարարությունը»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:


Երրորդ մոտեցումը, ըստ արտգործնախարարի, դա Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Այսինքն՝ պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը, խնդրի ցանկացած հանգուցալուծում պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ տա:


Չորրորդ մոտեցումը, Նալբանդյանի խոսքով՝ վերաբերվում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու քայլերին, նախկինում ձեռք բերված համաձայնություններին, հավատարմությունը: Իսկ Ադրբեջանը հետագայում մշտապես խախտում է իր խոստումներն ու հրաժարվում պայմանավորվածություններից:


«Սակայն ոչինչ աննկատ չի անցնում եւ ամեն ինչին չափ ու սահման կա. այս ամենի ապացույցը եռանախագահների հասցեական հայտարարություններն են, որով փորձում են ուշքի բերել Ադրբեջանին, կոչ են անում հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին, զերծ մնալ եռանախագահ երկրների հասցեին ուղղված քննադատություններից, համաձայն շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, չփորձի Մինսկի խմբի ֆորմատն այլ ձեւաչափերով փոխարինել»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ շեշտեց, որ Հայաստանը, համանախագահ երկրների հետ համատեղ, շարունակելու է հարցի խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանն ուղղված ջանքեր գործադրել:


Հինգերորդ կարեւոր մոտեցումը, ինչպես ներկայացրեց ՀՀ արտգործնախարարը, դա բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցության մոտեցումն է: «Եռանախագահները կիսում են այս մոտեցումը, սակայն Ադրբեջանը դեմ է այս մոտեցմանը՝ մոռանալով, որ 1994 թվականից սկսած հենց Արցախն էր բանակցային կողմ: Փաստերը քմահաճույքներ չեն. Հիմնահարցի հանգուցալուծումը, անպայման պետք է հաշվի առնի Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դեմ է դրան»,- նշեց Նալբանդյանը:


Այնուհետեւ Նալբանդյանը ներկայացրեց պարզաբանեց եռանախագահների կողմից կողմերին հնչող առաջարկությունների էությունը: Անդրադառնալով Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ այդ կարգավիճակը պետք է լինի այն ամենն, ինչ ունի Արցախը ներկայումս եւ գումարած դրան, միջազգային հանրության կողմից դա պետք է ճանաչվի, բայց միջանկյալ՝ ոչ վերջնական:


«Ինչ են ասում եռանախագահները, ասում են, որ հարցի կարգավորման համար պետք են անվտանգության երաշխիքներ: Այսինքն՝ բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր Արցախի շուրջ, այլեւ պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության: Մենք՝ ինքներս ենք ասում, որ այո, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, բայց դա պետք է միջազգային հանրության կողմից ճանաչվի եւ ընդունվի: Իրականության մեջ ինչ կա, բավականին լուրջ երաշխիքներ են: Անվտանգ ցամաքային կապ պետք է ունենա Հայաստանը Արցախի հետ, ոչ թե պարզապես ցամաքային ճանապարհը, այլ անվտանգ կապ, որպեսզի այն զենքերը, որ այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա կիրառել ու խզել այդ կապը»,- նշեց արտգործնախարարը:


Նալբանդյանը անդրադարձավ նաեւ հարցին, որ բոլոր տեղահանված անձիք եւ փախստականները պետք է իրավունք ունենան վերադառնալու: Այս առումով նշեց, թե իհարկե ,պետք է ունենան, բայց ոչ միայն Ադրբեջանցիները, այլեւ հայերը:


Տարածքների վերադարձի հարցի մասին էլ ասաց, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման եւ անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու:


Հարց եղավ նաեւ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: Այս առումով արտգործնախարարը նշեց. «Եթե լինի պատերազմ եւ այդ պատերազմը հնարավոր չլինի կասեցնել, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը ու դրանով վերջ կդնի բանակցային գործընթացին: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, այլ պարզապես փորձում ենք հարցի լուծման խաղաղ բանակցային գործընթացը շարունակել: Մենք շարունակելու ենք խաղաղ բանակցությունները, քանի դեռ դրանցով հնարավոր է խուսափել պատերազմից ու հասնել խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը»: