23.11.2024
Երևան. Առաջնորդները գնացել են, ցուցարարները՝ մնացել - իրավիճակը լարվում է
prev Նախորդ նորություն

Աուդիտը ՀԷՑ-ում կտևի 3-6 ամիս. Դավիթ Հարությունյան

"Հայաստանի էլեկտրական ցանցերում" աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Այդ մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը Կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է` վճարվելու է հարկատուներից գանձված գումարների՞ց, Դավիթ Հարությունյանը ասել է, թե այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:

Խոսելով ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշել է, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մեկ կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը:

«Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է», - ասել է նախարարը: