«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մըքգըրքը:
«Եվս մեկ կարեոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամվա ընթացքում ավարտել է Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- գրել է Մըքգըրք Twitter-ի իր էջում:
Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:
ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում: