Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին քննարկում են ամերիկյան դեսպանատան տեղափոխման հարցը
Իսրայելն ու ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ Թել-Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման հարցի շուրջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելական Times of Israel-ը, հղում անելով աղբյուրներին գրում է, որ անցած հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բինյամին Նիթանյահուն բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Կուշների հետ. իսրայելական կողմը բանակցությունները կառուցողական ու առարկայական է որակել:
Պարբերականի հաղորդմամբ, ամերիկացի տեղեկացված աղբյուրը նշել է, որ երկու կողմն էլ բարձրացրել են նաև ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հարցը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պահպանել ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվում, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել էր իր մտադրությունը՝ դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին:
Դեռ 1995 թվականին Կոնգրեսը օրենք է ընդունել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն քաղաքի վիճելի կարգավիճակի պատճառով նախագահները ամեն կես տարին մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է այդ որոշման իրականացումը: