24.11.2024
ՌԴ-ում հայկական վարորդականների ճանաչման հարցը դեռ չի լուծվել. վարչապետի խոսնակ
prev Նախորդ նորություն

Իր հասցեին հնչած քննադատությանը Կարեն Կարապետյանն արձագանքեց Արցախից

Օգոստոսի 12-ից Խոսրովի անտառ արգելոցում մոլեգնում է հրդեհը, որը մինչ այս պահը մարել չի հաջողվել: Այս ողջ ընթացքում սոցիալական ցանցի օգտատերերը, բնապահպաններն ու հանրությունը հարց էին բարձրաձանում՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի անդրադառնում այս ողբերգությանը, երբ ոչնչացման վտանգի առաջ է ունիկալ արգելոցը:


Հայտնի է, որ օգոստոսի 15-18-ը վարչապետը մեկնել է կարճատև արձակուրդ, իսկ մինչ այ՝ օգոստոսի 14-ին Աստանայում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Քննադատները անմիջապես հանդես եկան հայտարարությամբ՝ ինչո՞ւ վարչապետը չհրաժարվեց Աստանա մեկնելուց, ինչո՞ւ գոնե մի անգամ չայցելեց հրդեհված տարածք կամ ինչո՞ւ մեկնեց արձակուրդ՝ այդպես էլ որևէ կերպ իր վերաբերմունքը չարտահայտելով այս ողբերգության մասով:


Եվ ահա վարչապես Կարապետյանը, որն այս պահին Արցախում է, որի մասին վկայում են նաև բազմաթիվ լուսանկարներ, հանդես է եկել Facebook-յան իր էջում գրառմամբ՝ այդպիսով պատասխանելով բոլոր քննադատներին.


«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախներն այսօր մարվել են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:

Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:

Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք և համապատասխան հետևություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է և արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար»,- ասված է գրառման մեջ:


Համաձայն ՀՀ ԱԻՆ-ի վերջին տվյալների, ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: