ՀՀ-ն իրականացնում է օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն. նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է: Այս մասին իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, հայ-իրանական տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն է ուղղված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեությունը:
«Նպաստավոր կարող է լինել Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, որը գտնվելով երկու երկրների սահմանի վրա՝ լավագույնս կծառայի հայ և իրանցի գործարարներին և միջպետական համագործակցության ամրապնդման կարևոր բաղադրիչ կդառնա: Հայաստանը պատրաստակամ է իր ունեցած հնարավորություններով համակողմանիորեն օժանդակելու իրանցի գործարարներին մեր երկրում գործունեություն ծավալելու համար, և ինչպես արդեն նշեցի, հարթակ տրամադրելու Հայաստանի միջոցով այլ տնտեսական շուկաներ դուրս գալու առումով: Անհերքելի ճշմարտություն է, որ շատ դեպքերում հայ-իրանական համատեղ տնտեսական ձեռնարկները շատ ավելի մրցունակ կարող են լինել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած»,- ասել է Հայաստանի առաջնորդը:
Անդրադառնալով օտարերկրյա ու հատկապես իրանական ներդրումներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իրականացնում է օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն: Նա նշել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների և տեղական ընկերությունների միջև: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում է ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծ հույսեր է կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաև բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս ականատես կլինենք համագործակցության աճին»,- հավելել է նա: