Սպանություն անբարյացակամ հարաբերություններից դրդված. Շամիրամում զոհերի թիվը հասավ 4-ի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այսօր տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ:
Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:Այս մասին տեղեկացանք՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում այսօր կրակոցներ են հնչել: Սպանվածները Շամիրամ էին եկել ՌԴ-ից, նրանք եզդիներ են, կրակոցներ արձակած անձը՝ նույնպես, բայց նա Արմավիրի մարզի գյուղերի բնակիչ է: