VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ պատրաստվում է կառավարությանը ներկայացնել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուցման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով եւ վստահելի միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարելու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետությունում ՀՀ դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների անունով բացել բանկային հաշիվներ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա հասարակական կազմակերպությունով՝ պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, թե այդ գումարտակը, ՊՆ-ի համաձայնությամբ, որոշ ժամանակ փոխարինում է դիրքերում գտնվող զինվորներին: Նախկին պատգամավորը նշեց, թե քաղաքականությամբ զբաղվելու կամ նման առաջարկներ լսելու ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է ռազմական ոլորտը: Չնայած այն լուրերին, թե իրեն չեն թողել մասնակցել ընտրություններին, Գասպարյանը ընդգծեց, թե հակառակը` իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, սակայն ինքը ցանկություն չունենալով՝ հրաժարվել է»:
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին եւ պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց, «էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում: Չենք կարողանում աշխատել: Պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել հագուստ կարելու, բայց հումքը չենք կարողանում ներմուծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկերացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերցրել: Փակման եզրին ենք: 16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հարկերը տամ»: Զրույցի ավարտին նա նաեւ նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար եւս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը»,- գրում է թերթը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երևում է՝ ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպի» և Պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»: Նրանք միմյանց հետ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Ըստ էության ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպին», որը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի է, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել և դիմել է դատարան: Թե ինչ կորոշի գործը նախագահող դատավորը՝ Արման Թովմասյանը, դժվար է ասել: Երկու կողմում էլ կարող ուժեր են: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել, այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական արտադրանքի աճի ծավալները. եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազմել է 8.9 տոկոս: Մյուս կողմից՝ միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների գները: Բայց չնայած այդ ամենին՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետևա՞նք է, թե՞ այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել: Նկատենք նաև, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը»: