VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս–Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը: «Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել եւ դեպքի մասին տեղյակ են պահել եւ՛ ՊԵԿ–ի, եւ՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել: Նշենք, որ հյուրանոցի տերը մեկ ուրիշ Վարազդատ է՝ անհատ ձեռներեց Վարազդատ Մանուկյանը: Թե Վարազդատներն ինչ խնդիր են ունեցել, հայտնի չէ, բայց որ հյուրանոցը գրավվել է գնդապետի կողմից եւ այս պահին անօրինականորեն աշխատում է՝ փաստ է: Փողոցում հայտնված աշխատակիցները չգիտեն՝ ումից օգնություն խնդրեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առեւտրականներ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով։ Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնավաճառում նրանց տեղեր կհատկացվեն: Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդիմեն, քանի որ ամիսներ առաջ առեւտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից հասցվել է 30-ի: Ըստ սեփականատիրոջ՝ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ առեւտուր չկա։ «Իսկ այն, ինչ եղավ այս տարիներին, բոլորդ գիտեք, ովքեր էլ որ մնացել են տոնավաճառում, նրանք նվիրյալներ են, այդ վարձավճարների գումարներով ենք կարողանում հոգալ ստադիոնի վարձերը, ծախսերը»,- ասել է Աղաբաբյանը՝ կոնկրետ չնշելով, թե ներկա պահին որքան առեւտրական է «կանգնում» «Հրազդան» տոնավաճառում: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՊԵԿ ստուգումներից հետո «Հրազդան» մարզադաշտը եւ տոնավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճակում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին։ Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», եւ առեւտրականներից շատերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում մանրադիտակով հետեւում են «Սասնա ծռերի» դատավարությանը եւ միջոցներ մտածում դատերի ժամանակ փաստաբանների, «ծռերի» գործողությունները զսպելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ ակցիաների չեն հանգեցրել։ Եվ, ահա, իշխանության իրավական թեւը քննարկում է, թե ինչ կարող են անել՝ զսպելու «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին, որոնք միավորվել են իրենց պաշտպանյալների հետ եւ տապալում են դատերը։ Փաստաբանների հանդեպ, որպես պատժիչ գործողություն, կիրառում են Փաստաբանների պալատ բողոքներ գրելը, սակայն դրանք էլ բավարար չեն՝ ՓՊ-ն սանկցիաներ չի կիրառում նրանց նկատմամբ։ Օրինակ՝ իշխանության իրավական թեւի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը եւ, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։ Կամ՝ ՌԴ-ի օրինակը, երբ փաստաբանների ատեստացիան, լիցենզավորումը կարգավորում է արդարադատության նախարարությունը, այլ ոչ թե Փաստաբանների պալատը, եւ իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են նախարարի թեթեւ ձեռքով զրկել լիցենզիայից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլ եւ տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ եւ կտորեղեն: Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչեւ տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, որոնք արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մլն եվրո է ներդրվելու:
Նշենք նաեւ, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տիրկոտաժի եւ տեքստիլի հումքն օլիգարխն առայժ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքստիլի ծավալի մի մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյանը ՀՀ-ում սկսելու է նաեւ կտորի մեծ արտադրություն, որն ունենալու է օրական 15 տոննա արտադրողականություն, եւ այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձեւավորում ոչ միայն շաքարավազի եւ մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաեւ՝ տեքստիլի: Նշենք, որ պատգամավորին պատկանող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական եւ չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ:
Պատգամավորը, փաստորեն, վերադառնում է «աշխատանքային ակունքներին»: Չէ՞ որ նա մինչ քաղաքականություն մտնելը նախկինում աշխատել է տրիկոտաժի արտադրությունում եւ հենց այդ շրջանում էլ վաստակել է իր հանրահայտ մականունը: Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան, որը նույնպես գնել է Ալեքսանյանը՝ փորձարարական մեխանիկական գործարանը, ինչպես պարզեցինք, ԽՍՀՄ տարիներին արտադրում էր զենքի դետալներ, ինչպես նաեւ մետաղական պահեստամասեր: Թե ինչ է արտադրելու հիշյալ գործարանը վերագործարկումից հետո՝ առայժմ պարզել չհաջողվեց»:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին հորդորում է դադարեցնել իրենց անդամների նկատմամբ սկսած «վհուկների որսը», շեշտելով՝ դա որեւէ լավ բանի չի հանգեցնի: «Տիկին Փոստանջյանն իր գործունեության ընթացքում մեկ «Ժառանգության» մեջ էր դրանով զբաղվում, հիմա «Ելքով» է զբաղվում, իր կուսակցության մեջ հենց առաջին նիստից հետո սկսեց զբաղվել վհուկների որսով: Այդ պրոցեսը պետք է մի պահ ավարտել եւ զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, որը չի ենթադրում միայն էմոցիոնալ պոռթկումներ եւ գուցե խիզախ գործողություններ, այլ պարունակում է կոնկրետ քայլեր, որոնք կբերեն իշխանափոխության»,-ասել է Ալեն Սիմոնյանը»: