Վիգեն Սարգսյանն Արցախում հանդիպել է հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում ծանոթացել օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հաջորդ օրը ՊԲ շտաբում ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ ՊԲ հրամանատարը համապարփակ զեկույցով ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների համալիրը:
Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնում են, որ եռօրյա այցի վերջին օրը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:
Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանն ունեցել է նաև մի շարք անհատական հանդիպումներ, այցելել Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբար և պատասխանել ճամբարականների հարցերին: