Բաքուն տապալում է ԼՂ բանակցային գործընթացի առաջ մղման ջանքերը. ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Այս հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։
Էդվարդ Նալբանդյանը գործընկրներին ներկայացրել է Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, Հայաստանում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:
Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։
Նշվում է, որ նախարարները համատեղ հայտարարություններ են ընդունել՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։