Խաչատուրով. ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում
ՀԱՊԿ-ում այդ կազմակերպության գոյության 15 տարում և Հավաքական անվտանգության պայմանագրի գործողության 25 տարում ստեղծվել են անդամ պետությունների անվտանգության, անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործուն մեխանիզմներ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 13-ին Խաչատուրովը ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինետգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում: Ելույթը նվիրված էր ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Խաչատուրովը նշել է, որ առանց ազգային խորհրդարանների մասնակցության բարդ է լուծել անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը, որոնք ապահովում են ՀԱՊԿ ձևաչափում գործելու իրավական շրջանակները: «ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում», - ասել է նա: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Խաչատուրովն ասել է, որ ցավոք, միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը»:
«Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,-ասել է Խաչատուրովը: