ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու կանոնները
Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու կանոնների մասին։
«Երկկողմ միջկառավարական համաձայնագրով` Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն Հայաստանի տարածք մուտք գործել ինչպես օտարերկրյա անձնագրերով, այնպես էլ ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով»,– ասել է նա։ Ընդ որում, Զախարովան ավելացրել է, որ ներքին անձնագրերով Հայաստան թույլատրվում է մուտք գործել միայն Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններով։
Մինչև 14 տարեկան երեխաները կարող են Ռուսաստանից Հայաստան մուտք գործել միայն օտարերկրյա անձնագրերով, քանի որ Ռուսաստանի գործող օրենքով ներքին անձնագիր տրվում է 14 տարին լրացած անձանց։
2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ ՔԱԳՎ տվյալներով, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, առաջին ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի 3091 քաղաքացի։ Երևանը համոզված է, որ ռուսաստանցիների համար ներքին անձնագրերով Հայաստան գալու թույլտվությունը ձեռնտու է երկրին։