Թիլերսոնը Կատարի ճգնաժամի մասնակիցներին բանակցությունների կոչ է արել
Կատարի շուրջ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ հակամարտության բոլոր կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Wall Street Journal-ը գրում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
«Այժմ կողմերը ոչ մի մակարդակում միմյանց հետ չեն շփվում։ Մենք կցանկանայինք նրանց (բանակցությունների) սեղանի շուրջ նստեցնել, դեմ առ դեմ, որպեսզի այդ խնդիրների լուծման շուրջ քննարկումներ սկսենք։ Մեզ անհրաժեշտ է, որ աշխարհի այդ հատվածը կայուն լինի, եւ կոնկրետ հակամարտությունը ակնհայտորեն դրան չի նպաստում»,- հայտարարել է Թիլերսոնը Կատարից Վաշինգտոն մեկնելիս։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հակամարտության լուծման մեջ որպես գլխավոր միջնորդ հանդես եկող ամերիկյան կողմն աջակցում է Կատարին, սակայն Վաշինգտոնը կարող էր իրադրության կարգավորման շուրջ իր գաղափարներն առաջարկել։ Նա հավելել է, որ երկրների միջեւ որոշ խնդիրներ արդեն շատ վաղուց գոյություն ունեն, ուստի դրանց լուծման համար շատ ժամանակ կպահանջվի։