Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ամրագրել Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող հենասյուների գծով հասցեական միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքները կնպաստեն հետագայում ինդեքսում Հայաստանի պատկերի բարելավմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 36 միջոցառում:
2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ԳՄԻ-ում Հայաստանի 2016-2017թթ. արդյունքները: 2016-2017թթ. Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 138 երկրների շարքում 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը` արձանագրելով 3 դիրքով առաջընթաց նախորդ տարվա համեմատ:
ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները եւ վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների եւ ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների եւ աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության եւ կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձեւավորվում է գործադիր հարցումների միջոցով եւ ընդամենը 1/3-ը` վիճակագրական տվյալներից:
Ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձեւավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաեւ բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից:
Նշված քայլերի արդյունքում ստացվել են թվով 78 ցուցանիշներ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղություններում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն եւ ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։
Բացահայտված թույլ կողմերի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձեւավորվել են համապատասխան միջոցառումներն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաեւ արդեն իսկ իրականացվող եւ ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։