24.11.2024
Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 3 դիրքով առաջընթաց է արձանագրել
prev Նախորդ նորություն

Դպրոցական ատեստատներում ռուսերեն նշումներն օրինական են և հիմնավորված. ԿԳՆ

Հայաստանի հանրակրթական դպրոցների ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներն օրինական են և հիմնավորված՝ Հայաստանի աշակերտների մի զգալի մասը դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Ռուսաստան աշխատելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս բարձրացած աղմուկին, թե ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու է դարձել մեր երկրում։


«Ռուսերեն նշումներն ունեն հիմնավորում՝ Հայաստանի աշակերտների մի զգալի մասը դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Ռուսաստան աշխատելու, որտեղ ատեստատ ներկայացնելու խնդիր է լինում: Որպեսզի ատեստատի թարգմանության համար հավելյալ գումարներ չծախսվեն՝ ԿԳՆ-ն միանգամից նաև ռուսերեն տարբերակն է նշում»,- ասաց նա:


Նախարարը նշել է, որ այստեղ որևէ խնդիր չկա և միշտ այդպես է եղել, քանի որ Ռուսաստան շատ են մեկնում: Եվ եթե մի օր անգլերեն նշումների կարիք լինի, ապա կավելացնեն նաև անգլերեն տարբերակը:


«Մեր բնակչությանը նոր ծանրաբեռնվածության տակ չդնենք։ Պատկերացրեք՝ եթե ընտանիքը գնում է աշխատելու, մեծ գումարային խնդիր կունենան, եթե ամեն ինչը թարգմանեն։ Միակ պատճառը սա է, որ բնակչության վիճակն ավելի չվատացնենք»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:


Նշենք, որ որոշ շրջանակներ պարբերաբար հասարակական քննարկման առարկա են դարձնում այն խնդիրը, թե ռուսերենը Հայաստանում հավակնում է դառնալ պետական լեզու: