22.12.2025
Լուսանկարը` usacc.org
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական բենզինը Հայաստանում կվաճառվի շուկայականից ցածր՝ 1,15 դոլարով

Կոլաժը ստեղծված է ԱԲ գործիքներով
Կոլաժը ստեղծված է ԱԲ գործիքներով

Վաղվանից Հայաստանի վառելիքի շուկայում հասանելի կդառնա ադրբեջանական ծագման բենզինը, որի մեկ լիտրի արժեքը կկազմի մոտ 1,15 դոլար։ Ներկրող ընկերությունը հայտնել է, որ մատակարարումները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով սպառողին մատչելի վառելիք առաջարկել։


Factor.am-ի փոխանցմամբ՝ նոր խմբաքանակի վաճառքն իրականացվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Ցանցը շահագործող «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը պարզաբանել է, որ սպառողներն անմիջապես կզգան գնային տարբերությունը։ Նախնական հաշվարկներով՝ «Պրեմիում» տեսակի մեկ լիտր բենզինը կվաճառվի 440 դրամով (մոտ 1,15 դոլար), ինչը էապես ցածր է շուկայում ձևավորված 520 դրամ (մոտ 1,35 դոլար) միջին գնից։


«Մեգա Թրեյդ»-ը, որը մտնում է գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմի մեջ, ներկրել է 600 տոննա վառելիք։ Ընկերության ղեկավարը նշել է, որ գործարքը կնքվել է միջազգային վերավաճառող կազմակերպության հետ, սակայն ապրանքի ծագումն ադրբեջանական է։


Վառելիքը Հայաստան է հասել Վրաստանի տարածքով։ Հատկանշական է, որ վրացական կողմն այս անգամ տարանցման համար վճար չի պահանջել։ Ապագա սակագնային քաղաքականությունը դեռևս հստակ չէ, սակայն, ըստ ներկրողի, Հայաստանի կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում՝ մատչելի տարանցիկ սակագին սահմանելու և բնակչության համար վառելիքի ցածր գինը պահպանելու նպատակով։

Լուսանկարը` Yesil Igdir
Հաջորդ նորություն next