22.12.2025
Կոլաժը ստեղծված է ԱԲ գործիքներով
prev Նախորդ նորություն

Թուրքական մամուլ․ Անկարան աշխատանքներ է տանում Հայաստանի հետ սահմանի բացման համար

Լուսանկարը` Yesil Igdir
Լուսանկարը` Yesil Igdir

Տարածաշրջանային կարգավորմանը զուգահեռ Անկարան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանի բացման տեխնիկական նախապատրաստությունը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Ալիջանի անցակետում ենթակառուցվածքների արդիականացման մեկնարկի մասին՝ բեռնափոխադրումներ սկսելու նպատակով։


Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմը արագացրել է սահմանային անցակետերի գործարկմանն ուղղված քայլերը։ Հղում անելով Yesil Igdir կայքին՝ հայտնի է դառնում, որ Ալիջանի անցակետում (սահմանակից է հայկական Մարգարային) սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ։ Ըստ աղբյուրի՝ գործընթացի արագացմանը նպաստել է հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը և առևտրային առաջին նախաձեռնությունների, մասնավորապես՝ դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի մատակարարման մեկնարկը։


Նախատեսվում է սահմանի բացումն իրականացնել փուլային տարբերակով. սկզբնական շրջանում Մարգարայի կամուրջը կծառայի բեռնափոխադրումների, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։ Ծրագիրը ներառում է նաև ճանապարհային ցանցի ընդլայնում՝ Ալիջանի ճանապարհը կապելով Քարաքոյունլուի խաչմերուկին և այսպես կոչված «Զանգեզուրի ճանապարհին», ինչը միտված է Իգդիրի ուղղությամբ լոգիստիկ կապի և առևտրային հնարավորությունների զարգացմանը։


Տեղում իրավիճակը գնահատելու նպատակով Ալիջան են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը և Թուրքիայի ՊՆ լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը։ Պաշտոնյաները քննարկել են ենթակառուցվածքների արդիականացման և սահմանային չափորոշիչների բարելավման հարցերը՝ ապահովելու անհրաժեշտ պայմաններ ապագա փոխադրումների համար։


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հաջորդ տարի «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։


2020 թվականի պատերազմից հետո Երևանն ու Անկարան մեկնարկեցին կարգավորման գործընթացը, ինչի արդյունքում 2022-ի հուլիսին պայմանավորվածություն ձեռք բերվեց բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար, ինչպես նաև գործարկել օդային բեռնափոխադրումները։


Գործնականում լիարժեք իրագործվել է միայն օդային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների վերականգնումը, իսկ ցամաքային սահմանը բացվել է եզակի անգամ՝ բացառապես Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար հայկական հումանիտար օգնությունը տեղափոխելու նպատակով։


Հայկական կողմն ամբողջությամբ արդիականացրել է «Մարգարա» անցակետը՝ հայտնելով իր տեխնիկական պատրաստվածության մասին, սակայն Անկարան մինչ օրս կյանքի չի կոչել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը։ Չնայած «առանց նախապայմանների» հայտարարված ձևաչափին՝ Թուրքիան իր քայլերը փաստացի համաձայնեցնում է Բաքվի հետ՝ սահմանների վերջնական բացումը պայմանավորելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։


Արդյունքում՝ դիվանագիտական հարաբերությունները դեռևս հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ կանոնավոր հաղորդակցության համար։

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի
Հաջորդ նորություն next