Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ-ին և Անջեյ Կասրպրչիկին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպրչիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հուլիսի 4-ի դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը.
«Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):