24.11.2024
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր - ԼՂՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Առաջնագծում Արցախի զինուժը ոչնչացրել է ադրբեջանական բանակի կրակակետ. կան զոհեր (տեսանյութ)

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):



Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:


"Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Վերջում հավելենք, որ կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը", - ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: 



Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ եւ ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:


Առաջնագծում իրավիճակի մասին այլ պատկեր է ներկայացնում ադրբեջանական կողմը: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայկական կողմն է խախատել հրադադարի ռեժմը, որի հետևանքով Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում զոհվել է մեկ կին և երկու տարեկան երեխա, կան վիրավորներ:


Ներկայացվող ձայնագրությունում, ինչպես նշում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, առկա "հակառակորդի խոսակցությունները վկայում են", որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: "Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը", - ասված է հաղորդագրությունում: