24.11.2024
Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ-ին և Անջեյ Կասրպրչիկին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները
prev Նախորդ նորություն

Արցախի և Ադրբեջանի միջև «զենքերի երկխոսություն» է՝ պետք է զգույշ լինել. Լեհաստանի դեսպան

««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել», - այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին՝ խոսելով հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությանը:


Լրագրողների հետ զրույցում դեսպանը նախ հղում կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկումներին: Ուրիշ ի՞նչ մենք կարող ենք ասել: Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց դեսպանը:


Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութն ապացուցում է, որ առաջինն ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական ընդհանուր հայտարարությունն են տարածել, դեսպանը պատասխանեց. ««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել: Դա կարող է վտանգավոր լինել ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի համար, այլ խաղաղ բնակիչների կյանքի համար: Դիվանագետների մեկնաբանությունները պետք է ծայրահեղ չափավոր լինեն»:


Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):