24.11.2024
Արցախի և Ադրբեջանի միջև «զենքերի երկխոսություն» է՝ պետք է զգույշ լինել.  Լեհաստանի դեսպան
prev Նախորդ նորություն

Արցախի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կտան թիրախային եւ անհամարժեք պատասխան. Մնացականյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը մեկնաբանություն է տվել ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ։


Մնացականյանը նշել է, որ Արցախի բանակը երբեւէ նախահարձակ դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը եւ դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա ըստ Մնացականյանի, դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ:


«Արցախի պաշտպանության բանակը երբեւէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել եւ, այսուհետ եւս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին», - ասաց նա:


Նա ցավ է հայտնել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու եւ այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան:


«Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում եւ վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միեւնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային եւ անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետեւանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից եւ հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Մնացականյանը:


Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):