24.11.2024
Արցախի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կտան թիրախային եւ անհամարժեք պատասխան. Մնացականյան
prev Նախորդ նորություն

Սահմանին միջադեպերից խուսափելու համար Բաքուն պետք է կատարի պայմանավորվածությունները. Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը սահմանային դրության մասին, որում, մասնավորապես, ասված է.


«Ս. թ. հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։


Ադրբեջանական կողմի սադրած միջադեպի արդյունքում, դժբախտաբար, գյուղի բնակիչների շրջանում կան տուժածներ։ Մենք բազմաթիվ անգամ, դեռեւս ապրիլյան ագրեսիայի օրերին, ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։ Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչությունը վաղուց արդեն գերի է դարձել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրմանը եւ բանակցությունների վերականգման ուղղված միջնորդների ջանքերի տապալմանը։


Կատարվածը հերթական անգամ հաստատում է 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում՝ շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը։ Նշված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը, որը տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից, թույլ կտա հետագայում խուսափել նման միջադեպերից»։


Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):