ՌԴ ԱԳՆ. Հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիները հետապնդվում են Ադրբեջանում
Ռուսաստանի Դաշնությունը մեղադրել է Ադրբեջանին հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ: Այս մասին հաղորդում է EADaily-ն:
ՌԴ ԱԳՆ-ում ստիպված են արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն հայկական ազգանուն, էթնիկ սկզբունքով ենթարկվում են խտրական վերաբերմունքի:
«Շարունակում ենք պահանջել խայտառակ դիսկրիմինացիոն պրակտիկայի դադարեցում, որը համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, մենք հետևություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ապրիլի 28-ին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ էր արձակվել: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված վճիռը: