24.11.2024
Լավրովը և Թիլերսոնը քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը». ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Զոհրաբյանն ահազանգում է՝ Թուրքիայում Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել

Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել: Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ահազանգել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:


Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ՝ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ զեկույցի շրջանակում ունեցած ելույթում Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ, օրինակ, Ադրբեջանի քրեական օրենսգրքում «նախագահին վիրավորելու» քրեական հոդված է ավելացել, որը գործում է նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ 


«Լրջագույն այս խնդիրը ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ ԵԽ անդամ երկրները ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը, այլև պետք է պայքարեն բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Ինչպե՞ս է վեհաժողովը վերաբերվում Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, երբ «նախագահին վիրավորելու» քրեական պատիժ սահմանվեց, եւ այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դատախազությունն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը եւ սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիեւի եւ նրա ընտանիքի որեւէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար»,- հայտարարել է հայ պատվիրակը։


Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քրեական օրենսգքի նույն տխրահռչակ հոդվածը գործում է նաեւ Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ բացահայտ վհուկների որս է սկսված։ Այս պահին Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk» հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ` նախագահ Էրդողանի հասցեին որոշ արտահայտություններ ընդամենը մեջբերելու համար։ Իսկ վերջերս, շարունակել է նա, Եվրոպայի Խորհրդում մամուլի ազատության վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ի փոխնախագահը եւս նշել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է, արձանագելով, որ ԵԽ-ն չի կարող հանգիստ նայել, թե ինչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները.


«Սակայն, իմ անկեղծ տպավորությամբ, առ այս պահը Եվրոպայի Խորհուրդը հանգիստ նայում է, թե ինչպես են Թուրքիայում եւ Ադրբեջանում հետապնդում, ահաբեկում, սպառնում, սպանում լրագրողների՝ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Ի դեպ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը մամուլի ազատության 2017թ-ի ինդեքսում 180 երկրների ցանկում զբաղեցնում է 162-րդ տեղը, որպես անազատ երկիր: Ավելին, հաշվի առնելով լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ խորացող ահաբեկումներն ու խոչընդոտները, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը պահանջում է ստեղծել «Լրագրողների անվտանգության հատուկ ներկայացուցչի» պաշտոն, որը կգործի ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին կից: Մամուլի ազատության ողբալի վիճակ ունեցող Թուրքիայում կարծես թե որոշել են հերոսացներ լրագրողասպաններին, եւ ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի, «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Ահա այսպես։ Ուստի, ես առաջարկում եմ նաեւ, որ մամուլի հարցերով զբաղվող Վեհաժողովի մեր հանձնաժողովում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվի՝ ուսումնասիրելու Ադրբեջանում եւ Թուրքիայում մեդիա ոլորտում տիրող տագնապալի իրավիճակն ու լրագրողների հանդեպ բռնությունները»,- առաջարկել է նա։


Ավարտելով ելույթը, հայ պատվիրակը հղում է կատարել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խոսքերին, այն է՝ «Ադրբեջանում դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքը»։


«Կարծում եմ, մեր հաջորդ քայլը պետք է լինի ԵԽ անդամ կոնկրետ երկրներում բարձրացված մտահոգությունների լրջագույն ուսումնասիրությունը եւ խիստ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկումը»,- հավելել է Նաիրա Զոհրաբյանը։