ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը համաձայն է այն գաղափարի հետ, որ առաջ է քաշել եվրոպացի գործընկերներից մեկը, որ պետք է կատարելագործել մեդիայի իրական սեփականտերերի թափանցիկության վերաբերյալ իրավակարգավորումները:
Իր ելույթում Հովհաննիսյանը նշել է, որ մեդիայի թափանցիկությունը այն հիմնաքարային գործիքն է, որ հնարավորություն է տալիս հանրությանը իրականացնել տեղեկատվության, մեդիայի կողմից բարձրացված գաղափաների և կարծիքների սեփական վերլուծություն: Սա քանիցս ընդգծվել է հանձնարարականներով և ԵԽԽվ որոշումներով: Սրանք վկայությունն են, որ մեդիայի թափանցիկության ապահովումը Եվրոպայի խորհրդում միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Սակայն, հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, սա այն ոլորտն է, որտեղ դեռ բավական անելիքներ ունեն.
«Խոսքս հատկապես առցանց մեդիայի մասին է: Եթե տպագիր մամուլի և հեռուստառադիոընկերությունների դեպքում մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունն ապահովող տվյալների հրապարակման ընթացակարգերը հարաբերականորեն որոշակի են, օրինակ հեռուստառադիոընկերությունների համար ընդհուպ մինչև կոնվենցիոն կարգավորման հիմքեր, ապա կարծում եմ վիճակը այլ է առցանց մեդիայի պարագայում: 20 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն 4 երկրներում կան օրենսդրական կարգավորումներ առցանց մեդիայի թափանցիկության վերաբերյալ, ընդ որում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը, այնուամենայնիվ առաջարկվող ընթացակարգերը գործուն չեն և չեն ապահովում առցանց մեդիայի իրական թափանցիկությունը: Սա նշանակում է, որ ինչքան էլ մենք ունենք առաջադիմական գաղափարներ, այնուամենայնիվ մենք չունենք որևէ կառուցակարգ դրանք կյանքի կոչելու համար»,- հայտարարել է նա:
Նկատելով, որ երբ խոսքը մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանն է վերաբերում, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց՝ հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը; տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը և ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես օրինակ կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում:
«Սակայն այս միջոցներից որևէ մեկի ընտրությունը առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է: Թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր ընթերցող համացանցային կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների»,- հավելել է Արփինե Հովհաննիսյանը։