24.11.2024
Գերմանացի խորհրդարանականներին զգուշացրել են Թուրքիայի կողմից հավանական լրտեսության մասին
prev Նախորդ նորություն

Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից. Արփինե Հովհաննիսյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում այսօր բավականին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այս մասին Ստրասբուրգից VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:


«Որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը: Ամբողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար»,- տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավարը:


Հիշեցնենք, ԵԽԽՎ-ն նախօրեին ընդունեց մի բանաձև, որը բացում է Ագրամունտին պաշտոնանկ անելու ճանապարհը: Բանաձեւն ընդունվել է «Խորհրդարանական վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրագործումը» զեկույցի քննարկման շրջանակներում: Այն մշակել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիլիան Մորի Պասկիեն, որը գլխավորում է ԵԽԽՎ-ի կանոնակարգի հանձնաժողովը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, թեև Վեհաժողովը իր անվստահությունն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին և վերջինս ապրիլին համաձայնել էր հրաժարական տալ, այդուհանդերձ նա մտքափոխվել է և շարունակում է մնալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: