Պուտին․ Մոսկվան հիմքեր չի տեսնում քրդերի հետ կապերը դադարեցնելու համար
Մոսկվան հիմքեր չի տեսնում քրդերի հետ կապերը դադարեցնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ հարաբերություններ է պահպանել քուրդ ժողովրդի հետ։ Պուտինը բարձր է գնահատել ահաբեկիչների դեմ պայքարում քրդական մարտիկների ավանդը, նշելով, որ քրդական ստորաբաժանումները շատ արդյունավետ են գործում։ Նրա խոսքով, Ռուսաստանը ընդհանուր առմամբ Իրաքի հետ շատ ակտիվ աշխատում է, ու այդ հարաբերությունները զարգանալու են։
Ինչ վերաբերում է քրդական խնդրին, նկատել է Պուտինը, ապա հաշի առնելով հարցի սրությունը՝ Մոսկվան մտադիր է իր դիրքորոշումը կառուցել միջազգային իրավունքի շրջանակում։
Իրաքի Ինքնավար Քուրդիստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ անցկացնելու են անկախության հանրաքվե: Նրանք նշել էին, որ այն կկայանա անկախ Արեւմուտքի այն նախազգուշացնումներին, որ անկախության օգտին քվեարկությունը կարող է Բաղդադի հետ հակամարտություն սադրել այն ժամանակ, երբ ԻՊ-ի դեմ պայքարը դեռ ավարտված չէ։
Այնուհետեւ ՄԱԿ-ը հայտարարություն էր տարածել և նշել, որ մտադիր չէ որեւէ ձեւով աջակցել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին։ ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցող առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ առաքելությունը «մտադիր չէ որեւէ ձեւով մասնակցել կամ կապ ունենալ հանրաքվեի հետ, որը կկայանա սեպտեմբերի 25-ին»։