Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ:
Մեր հայտարարություններն ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխենք լարվածությունը: Այս մասին, ԱՀ նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Իգոր Պոպովը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում: Այս մասին այսօր ԱՀ նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոն ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտիին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման այցերը կարեւոր են, որովհետեւ հանդիպումների ժամանակ խաղաղ գործընթացները շարունակական բնույթ են կրում, եւ սա դրա վառ ապացույցն է: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նա նշել, որ հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, նաեւ ընթացիկ, որոնք նույնպես կարեւոր են: Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նման հանդիպումները նպաստում են խաղաղության եւ կայունության պահպանմանը:
«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության եւ կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության եւ կայունության պահպանման վրա»,- ասել է Բաբայանը:
«Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ ընդհանրապես Արցախի իրավիճակի ներքին զարգացման, նոր մեխանիզմների ներդրման շուրջ, որոնք թույլ կտան ավելի ամուր պահել զինադադարի ռեժիմը: Նախագահն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական վերջին հայտարարությունը: Նշել է, որ շատ կարեւոր է ընդհանրապես հասցեական հայտարարություններով հանդես գալը»,- ընդգծել է նա: