24.11.2024
Հին, բայց նոր կառավարությունը ձևավորվեց. Նախագահը նախարարներ է նշանակել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արևմուտքը ոչ թե ներդրումներ է կատարում, այլ հանում է փողերը Հայաստանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին: Եվ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղթերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ: Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաեւ Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճանաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բեւեռ ձեւավորելու անհրաժեշտության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բեւեռի մասը, առայժմ անհայտ է նաեւ, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը: Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բեւեռի մեջ հազիվ թե ներգրավվի: Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի՝ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ քննարկելու եւ նրանց համաձայնությունը ստանալու: Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջի­նիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների եւ գաղափարակիցների աջակցությամբ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մի հայտարարություն խիստ պատահականորեն համընկավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած մի ցուցանիշի հետ: Պատահական այդ համընկնումը ուղղակի ցնցող է: «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում»,- այսօր համաժողովի ժամանակ հայտարարեց Սվիտալսկին:


Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Եվրամիության երկրներից ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական: Այսինքն` պատկերավոր ասած, նախկինում արված ներդրումներից ստացված շահույթների արտահոսք է եղել Հայաստանից: Արտահոսքն էլ գերազանցում է 9 միլիարդ դրամը: Այսպես. դեպի Գերմանիա արտահոսքը կազմել է 6.2 միլիարդ դրամ, դեպի Նիդեռլանդներ` 2.5 միլիարդ, Ֆրանսիա` 1.8 միլիարդ եւ այլն (տես աղյուսակը): Եվրամիության մի քանի երկրներից զուտ ներհոսքը դրական մեծություն է, սակայն դրանք շատ քիչ են: Օրինակ, Ֆինլանդիայից ներդրումների զուտ ներհոսքը 606 միլիոն դրամ է, Հունգարիայից` 166 միլիոն դրամ, Իտալիայից 51 միլիոն եւ այլն: Բայց այդ չնչին գումարները չեն հանգեցրել նրան, որ ընդհանուր հաշվեկշիռը լինի դրական»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով: Բայց այս աճը գրանցվել է հիմնականում օֆշորային երկրներից արված ներդրումների հաշվին: Տեսակետ կա, որ գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարներն են պտտվել օֆշորներում եւ որպես ներդրում վերադարձել են: Համենայնդեպս, ըստ ԱՎԾ-ի, միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի եւ այլն:


Իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը:


Եւս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Հիմնականում գումարները հոսել են դեպի ՌԴ: ԿԲ հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սկսել են նվազել Հայաստան արտերկրից կատարվող փոխանցումների տեմպերը. մարտին տրանսֆերները կազմել էին 127.4 մլն դոլար, իսկ արդեն ապրիլին փոխանցվել էր 109.2 մլն դոլար: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ այդ փոխանցումներն են, կարելի է ենթադրել, թե դրանց նվազման արդյունքում ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը` Կարենը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել եւ պատրաստ է եղել մինչեւ 10 հազար դոլար տալ: եւ հիմա կասկածներ կան, որ գումարը վերցրել է Հայկ Կարապետյանը, այն փոխանցել վարորդին: Իսկ ինչքանո՞վ են հիմնավոր այս կասկածները: Դարձյալ լուրերի համաձայն՝ գաղտնալսումներ են եղել, կասկածներ են առաջացել կաշառատվության մասով, ու մարդիկ կալանավորվել են: Ինչքանով է լուրջ այս ամենը, դժվար է ասել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում իրականացվում է շոուի մակարդակով՝ «եվրոգրանտների» ստացման խիստ նկատելի ակնկալիքով: Պարզապես հանգամանքների բերումով, մի շարք պաշտոնյաներ կամ նրանց մտերիմները դառնում են քավության նոխազ: Չի բացառվում, որ այս գործն էլ հերթական բեմադրվելիք շոուն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական «Sputnik» պետական լրատվական գործակալությունը գնալով ընդարձակվում է եւ, անգամ, ուղիղ եթերներ է սկսել տրամադրել: Մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանում ռուսական գործակալության գործունեությունը հովանավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դմիտրի Կիսելյովն անձամբ է խնդրել Ծառուկյանին դրա մասին»:


«168 ժամ» թերթը գրում է. «Եվրամիությունը հստակորեն նշում է այն առանձնահատուկ պայմանները, որոնց բավարարելու դեպքում տվյալ երկիրը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Սակայն մյուս կողմից՝ դա եւս «մրցանակ» է եվրոպամետ քաղաքականության, տվյալ երկրի կառավարության կողմից բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության հաստատման համար։ Կարծում եմ, որ Հայաստանը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, սակայն՝ ոչ մոտ ապագայում։ Երեւանը պետք է ապացուցի, որ ընդունակ է արդիականացնել երկիրը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ ամուր հիմքեր ստեղծել, կառավարման համակարգի կառուցվածքը մոտեցնել Եվրամիության չափանիշերին»,- մեր թղթակցին ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ մեկնաբանելով Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները եւ համաձայնության հասնելու ժամկետները։


Ըստ նրա՝ ամենակարեւորն այն է, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ կանեն Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ աշնանը Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ, արդյոք կօգտագործե՞ն այդ հնարավորությունը բարեփոխումների համար, թե՞ այն ուղղակի կհամարեն իրենց դիվանագիտական հաջողությունը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի ներքին իրադրության հետ։ Թե ինչպես, ի վերջո, կազդի մեր տարածաշրջանում իրադրության վրա եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կողմից Եվրամիության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումը, Կ. Զաշտովտն այդ առումով կարեւորեց նաեւ մյուս հարցերը՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը. «Եվրամիությունը Երեւանի կամ Բաքվի հետ ստորագրելով համագործակցության ցանկացած փաստաթուղթ՝ հույս է փայփայում տարածաշրջանում գեթ որոշ ազդեցության լծակներ պահպանել եւ կանխել հակամարտության էսկալացիան։ Իհարկե, ցավոք սրտի, այստեղ Բրյուսելն այնքան էլ շատ լծակներ չունի հակամարտող կողմերի վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։ Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում եւ ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երեւանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջեւանի հարկային տեսչության պետ։ Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, եւ այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են»։


Նույն թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, մայիսի 29-ին նեղ շրջանակով նշել է 41-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ առանձնակի շքեղություններ չեն եղել, խնջույքն էլ եղել է ոչ թե ռեստորանում, այլ՝ տանը: Ճիշտ է՝ առանձնատունը ձեւավորված է եղել լույսերով, բայց շատրվաններ, հրավառություն, երգիչներ չեն եղել, բակում սաքսոֆոն են նվագել։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպի» սեփականատերն է, 2008թ.-ից՝ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը։ ԴԱՀԿ նախկին պետի պաշտոնը լքել է օֆշորային սկանդալի պատճառով, իսկ որոշ ժամանակ անց ամեն բան մոռացվեց, եւ նրան կրկին խաղի մեջ մտցրին»: