24.11.2024
Փորձագետ. Դժվար Թրամփը ԼՂ հարցը դարձնի իր արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական տարր
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը ՍԾՏՀ գագաթաժողովում վրդովվեցրել է Էրդողանին

Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կարող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:


Այս մասին Ստամբուլում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը:


«Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշել է Հովակիմյանը:


Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը.


«Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»,- հավելել է նա:


Նշենք, որ համաձայն ԱՊԱ գործակալության, Հովակիմյանի ելույթն ընդդեմ Ադրբեջանի հարուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վրդովմունքը: Նրա խոսքով՝ «ելույթ ունեցողներից ոչ մեկը քաղաքական մեղադրանք կամ գնահատական չի հնչեցրել, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչը հենց դա է արել, ինչն անընդունելի է»: