23.11.2024
Արցախի ՊԲ-ը պատժիչ քայլեր է ձեռնարկել. ադրբեջանական կողմը կորուստներ ունի (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Երևանն ու Մոսկվան քննարկում են Պերմյակովին փոխանցելու հարցը. պաշտոնապես հաստատվեց

ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:


Ինչպես ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:


Հայտնի է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացվել է դատավճիռ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վ.Պերմյակովի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:


Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրությամբ՝ զենքով ռուսական ռազմաբազայի տեղակայման տարածքից դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար Վ.Պերմյակովը 12.08.2015թ. Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուսաստանյան կայազորային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկման:


Այս առումով պետք է նշել, որ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով» 29.08.1997թ. համաձայնագրով հստակ սահմանված է զինծառայողի կողմից հանցագործություն կատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող պետությունը և քրեական հետապնդման կարգը: Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների դեպքում նրանց նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը և գործում են ՀՀ իրավասու մարմինները, իսկ նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից կատարված զինվորական հանցագործությունների գործերով կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները:


Այսպիսով, առկա էր իրավասությունների երկակիություն, որով և պայմանավորված էին տվյալ անձի կալանքի և պատիժը կրելու ապահովման առանձնահատկությունները:


Հաշվի առնելով առկա իրողությունները և նպատակ հետապնդելով ապահովել ՀՀ դատարանի կայացրած դատավճռի կատարումը՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:


Վ. Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ: