23.11.2024
Կարեն Կարապետյան. Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԱԺ նախագահի թեկնածուի հարցը լարել է ողջ քաղաքական դաշտը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն եւ Աշոտ Արսենյանին հատկացված աշխատասենյակի վերանորոգումը: Armtimes.com-ն երեկ ԱԺ-ում արձանագրեց, որ Արայիկ Գրիգորյանն իսկապես պատ է կառուցել աշխատասենյակի մեջտեղում: Մտնելով աշխատասենյակ նկատեցինք, որ դեռեւս կահավորված չի այն, սակայն նոր բազմոց եւ բազկաթոռներ էին բերել, գետնին կար նաեւ պոլիէթիլենի տոպրակներով փաթաթված գորգեր: Առաջանալով աշխատասենյակի նախասրահով հանդիպեցինք այն պատին, որի մասին մամուլում գրվել էր: Ուրեմն պատգամավորը նախասրահում կառուցել է մոտ 2.5 մետր բարձրության պատ, որից այնկողմ մոտ 6-7 քառակուսի մետր տարածք է առանձնացվել, որտեղ կարելի է հայտնվել եւ միայն դուռ բացելուց հետո, իսկ պատի վերին հատվածը բաց է: Այսինքն՝ նախասրահում կատարվող ցանկացած իրադարձություն լսելի է պատի մյուս կողմում, սակայն ոչ տեսանելի, իսկ ստեղծված առանձնասենյակի պատուհանը նայում է սեպի ԱԺ բարեկարգ այգի:


Կարելի է ենթադրել, որ այսկերպ պատգամավորները կարող են հանգիստ ժամանակ անցկացնել պատի մյուս կողմում՝ մտավախություն չունենալով, որ աշխատասենյակի հիմնական դուռը բացող որեւէ մեկը նրանց կարող է տեսնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնԱԺողովների Նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը: ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն, հավանաբար, նաեւ խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարեւորն ու ամենաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի եւ հասարակության քննարկումների առաջին սանդղակից:


Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռեւս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, եւ նա դա իմանալու է հենց ԳՄ Նիստի ժամանակ’ վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, եւ իրենց ո՞ր արժանիքների համար կարող է նրանցից յուրաքանչյուրն առաջադրվել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:


ՀՀԿ-ն դեռեւս աշնանից սկսեց երիտասարդացնել իր ղեկավար կազմը: Օրինակ’ ԳՄ անդամ դարձրեց նույն Ս. Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին եւ Վիգեն Սարգսյանին: Ա. Հովհաննիսյանին նաեւ որպես կին անդամ ընդգրկեցին այդ մարմնում, որ ԳՄ-ի կազմի մեծացումը միայն տղամարդկանց միջոցով չլինի: Իսկ նա ԱԺ նախագահ լինելու համար ունի ներկայանալի կեցվածք, միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵխխՎ-ի հետ աշխատելու եւ գերատեսչություն ղեկավարելու որոշակի փորձ: Բայց թե խորհրդարանական դիվանագիտության, թե ղեկավար լինելու նրա ունեցած հնարավորություններն այնքան էլ բավարար չեն ԱԺ նախագահ լինելու համար: Նա թեեւ մի քանի տարի եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, բայց դա քիչ է ամբողջությամբ տիրապետելու այդ արվեստի նրբություններին: Մյուս կողմից խորհրդարանը նախարարություն չէ, որ ԱԺ նախագահը լինի պատգամավորների ղեկավարը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: Երեկ «Ժամանակ»-ին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Կարեն Կարապետյանի հետ: Հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, -ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց.« Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:


Նշենք, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էին, թե արդյոք վարչապետը Կարեն Կարապետյանին տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, վերջինս նշել էր. «Այո, ինչու ոչ»:


«Ժողովուրդը» գրում է. «Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու: Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով: Ինչպես ասում են՝ ախ, այդ Ֆեյսբուքը: ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել: «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել: Թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո»:


«Առավոտ» թերթը գրում է. «Իրեն հարգող որեւէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞…«Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ … էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս…»: Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը եւ ընդհանրապես, նրա ձեւակերպմամբ. «Եվ Եվրոպայում, եւ Ամերիկայում երգը մեռել է, որովհետեւ շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է…Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»: Մեր հարցին` այսինքն` նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարեւորում, եւ էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել…Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բաբաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞…»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն: Հիշեցնենք, որ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել է». իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ թաքցրել են նրան, որպեսզի վնասվածքները անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի:


«Եթե չեն գտնում տուժողին, դա չի նշանակում, որ թաքցնում են: Միանշանակ իրավապահները իրականացնում են հնարավոր, նույնիսկ անհնարին գործողությունները տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին վստահեցրել է մարզի դատախազը»: