Կարեն Կարապետյան. Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: «Առաջին լրատվական»-ը հեռախոսազրույց է ունեցել Կարեն Կարապետյանի հետ:
Հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանեց.
«Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, -ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց.
«Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էին, թե արդյոք վարչապետը Կարեն Կարապետյանին տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, վերջինս նշել էր. «Այո, ինչու ոչ»:
Այսպիսով, գլխավորինտրիգը՝ թե ո՞վ է լինելու նոր Ազգային Ժողովի նախագահը, կարծես թե հանգուցալուծվում է: Նշենք, որ երկու հավանական թեկնածուի անուն էր շրջանառվում ՝ Կարեն Կարապետյան և Էդուարդ Շարմազանով, ընդ որում նշվում էր, որ Շարմազանովը ԱԺ նախագահ կլինի միայն այն պարագայում, եթե Կարապետյանը հրաժարվի:
Պատասխանները, սակայն, կստանանք արդեն այսօր երեկոյան՝ ՀՀԿ-ն ԳՄ և Խորհրդի նիստ է հրավիրել: Իսկ վաղն արդեն տեղի կունենա ԱԺ առաջին նիստը: