Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ քննչական միջնորդությունը։
Կային մարդիկ, որոնք կարծում էին, թե Քոչարյանին չեն կալանավորի, քանի որ այդ պարագայում տարօրինակ կլինի, թե ինչո՞ւ չի կալանավորվում Սերժ Սարգսյանը, որին, ի դեպ, ինչպես հայտնի է մեղադրանք են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված նույն գործով։
Ինձ համար տարօրինակ էր այդ դիտարկումը, թե՝ Քոչարյանին չեն կալանավորի, քանի որ հարց կառաջանա, թե ինչո՞ւ չեն կալանավորում Սարգսյանին։ Տարօրինակ էր, որովհետեւ 2018 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է արդեն չորրորդ անգամ, իսկ ահա Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ չի կալանավորվել, թեեւ եւս ենթարկվել է քրեական վարույթների։
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի հուլիսի 27–ին, հետո ազատ արձակվել օգոստոսի 13–ին։ Հետո կալանավորվել է 2018 վականի դեկտեմբերի 7–ին եւ ազատ արձակվել 2019–ի մայիսի 18–ին, եւ նորից կալանավորվել է 2019 թվականի հունիսի 25–ին ու ազատ արձակվել 2020 թվականի հունիսի 18–ին։
Հիմա նա կալանավորվում է չորրորդ անգամ։
Հարցը, թե ինչո՞ւ Քոչարյանը կալանավորվում է արդեն չորս անգամ, իսկ Սերժ Սարգսյանը՝ ոչ մի, հնչում է հատկապես Ռոբերտ Քոչարյանի համակիրների շրջանում շատ հաճախ։ Այդ հարցը բերում է նաեւ տարբեր վարկածների, որոնք ամփոփվում են մեկ իմաստ–եզրակացությամբ, որ անում են երկրորդ նախագահի համակիրները, նաեւ շատ այլ շրջանակներ՝ Սերժ Սարգսյանը չի կալանավորվում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ նրա պայմանավորվածությամբ է եղել 2018 թվականը։
Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Հիմա չեմ ուզում մտնել 2018–ի պրոցեսների գնահատման դաշտ։ Ես այդ առնչությամբ ունեմ իմ կարծիքը, որը թերեւս տարբերվում է ընդհանուր տարածված գնահատականներից, թեեւ ներառում է դրանց որոշակի դետաներ։
Բայց, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը հմտորեն կարողանում է խթանել նաեւ այդպիսի կասկածներ երկու նախկին նախագահների համակիրների շրջանակներում, ու փորձում է հնարավորինս օգտվել դրանից։
Մյուս կողմից, ես իհարկե չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական միասնականությունը առավել էֆեկտիվ էր դարձնելու նրանց քաղաքական գործունեությունը։
Միեւնույն ժամանակ, ըստ իս, ի դեպ անկախ երկրորդ նախագահի հանդեպ ներկայիս հետապնդումից, կարծում եմ թե նրա, թե նաեւ երրորդ նախագահի գործունեությունը հասել է մի կետի, որտեղ օբյեկտիվորեն պահանջվում է վերափոխում։ Իհարկե կրկնեմ, որ իմ գնահատմամբ՝ երկուսի պարադիգմերը էապես տարբեր են։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան