25.08.2026
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե
prev Նախորդ նորություն

Խուզարկություններ Քոչարյանների տներում. «Ազատություն»

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի տներում:


«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:


Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ առավոտյան նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:


Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որտեղ Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում են ԱԱԾ դիմակավորված անձինք:


Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կառույցից ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն:


Նախօրեին խորհրդարանում Լևոն Քոչարյանի հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.


«Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին... Ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:


Քոչարյանն ի պատասխան ասաց.- «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել...ու զուգահեռ գործ կա դատարանում: Սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը: Ձեր մոտ ընտրողաբար մոտեցումն է. Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, մարզպետներ կան, որոնց մասին էնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված խնդիր չունեք: Ուրեմն, էս ամեն ինչը անձնավորված է»:


Վարչապետը Նոր Կտակարանից մեջբերում արեց. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ ձեզ ասեցի, այո, ես ձեզ դատում եմ, և ես ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:


 


 

Քոչարյանի հնչեցրած բնութագիրը ճիշտ էր. ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում
Հաջորդ նորություն next