Շուրջ3,4 մլրդ դրամի կեղծ հաշիվներ. ՊԵԿ-ը խոշոր ստվերային սխեմա է բացահայտել
Լուսանկարը` rumavi.com
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է հարկային խոշոր մեքենայություն, որի արդյունքում պետական բյուջեին հասցվել է շուրջ 557 միլիոն դրամի վնաս: Հանցավոր խումբն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում շրջանառել է 3,4 միլիարդ դրամի կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն նվազեցնելով իրական ընկերությունների հարկային բեռը։
Ըստ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տրամադրած տվյալների՝ բազմաստիճան ստվերային սխեման գործել է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Մեխանիզմը գործարկելու նպատակով ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են ձևական ընկերություններ։
Այդ կազմակերպությունները, փաստացի չունենալով աշխատուժ, գույք կամ տեխնիկական միջոցներ, փաստաթղթերով ձևակերպել են շինանյութի մեծածավալ իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցում։ Ստեղծված անապրանք հարկային հաշիվները փոխանցվել են միջանկյալ օղակներին, իսկ այնուհետև հասել են իրական գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ Սա վերջիններիս հնարավորություն է տվել ապօրինաբար ձևավորել ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարներ և նվազեցնել շահութահարկը։
Միևնույն ժամանակ, սխեմայի սկզբնական օղակում հայտնված կեղծ ընկերությունները հարկային մարմիններին ներկայացրել են խեղաթյուրված տվյալներ և խուսափել պարտավորությունների կատարումից։ Այս փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն։
Պետական եկամուտների կոմիտեն խստորեն հորդորում է գործարար համայնքին զերծ մնալ անապրանք գործարքներից և կեղծ փաստաթղթաշրջանառությունից՝ վստահեցնելով, որ նմանատիպ ստվերային շղթաների բացահայտումն ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը կրելու են շարունակական ու հետևողական բնույթ: