Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Կաթողիկոսի դեմ դատական գործընթացը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ սկսելն ու նրանց աշխարհիկ ատյանների առաջ կանչելը խորապես վիրավորում է Հայ եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքությունը:
"Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված ժխտողական դիրքորոշումը խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և սփյուռքի հավատացյալ ժողովրդի մեջ:
Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդկային իրավունքների հիմնական սկզբունքները։ Մայր աթոռի հեղինակությունը թուլացնելուն կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրապնդված կապերին",- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։
"Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին, բոլոր պատասխանատուներին հորդորում է անխոցելի պահել Հայ եկեղեցին և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների",- նշվում է հայտարարության մեջ: