10.08.2026
Թուրք լրագրողները մեկնել են օկուպացված Ակնա
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հերքում է Բեռլինի հետ Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցությունները

Լուսանկարը` ՌԲԿ
Լուսանկարը` ՌԲԿ

Մոսկվան պաշտոնապես հերքել է Գերմանիայի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ պետական մակարդակով բանակցությունների մասին տեղեկությունը՝ միաժամանակ հաստատելով հասարակական կառույցների միջև ոչ պաշտոնական շփումների պահպանումը։


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով որևէ պաշտոնական շփում չկա, ահյտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նա նշել է, որ նման փոխգործակցությունը ներկա փուլում քիչ հավանական է՝ հաշվի առնելով գերմանական ղեկավարության հակառուսական հռետորաբանությունն ու գործելաոճը։ Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումները շարունակվում են։


Կուլուարային հնարավոր շփումների մասին խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանացի քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հուլիսի կեսերին Բաքվում առանց հանրապետության գիտության կայացել է ՌԴ և Գերմանիայի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում։


Tagesschau լրատվական ծառայության տվյալներով՝ այդ բանակցություններին մասնակցել են բարձրաստիճան անձինք, որոնց մեծ մասը նախկինում ներգրավված է եղել «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումում։ Ռուսական կողմից, իբր, ներկա են եղել ՄԻԽ նախագահ Վալերի Ֆադեևը, «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը և ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն։ Գերմանական կողմից՝ Անգելա Մերկելի աշխատակազմի նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մաթիաս Պլատցեկը և Բեռլինում Շվեյցարիայի նախկին դեսպան Թիմ Գուլդիմանը։


Այս իրադարձությունների ֆոնին The Times պարբերականը հաղորդել էր Գերմանիայում տրամադրությունների փոփոխության և իբր Բեռլինում Մոսկվայի հետ կապի ուղիները վերականգնելու ծրագրերի մշակման մասին։ Մեկնաբանելով այս հրապարակումները՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը երբեք չի նախաձեռնել հարաբերությունների խզում և բաց է երկխոսության համար։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ նմանատիպ մամուլի հայտարարություններն առայժմ որևէ կերպ չեն արտացոլվում արևմտյան երկրների իրական քաղաքականության մեջ։