Երկաթուղու վեճը. Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ հնարավոր արբիտրաժի մասին
Լուսանկարը` picture alliance/dpa/V.Smirnov
Հայաստանի կառավարությունը հույս ունի ռուսական կողմի հետ բարեկամական ճանապարհով հարթել ազգային երկաթուղու կառավարման շուրջ ծագած տարաձայնությունները, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր շահերը պաշտպանել միջազգային արբիտրաժային դատարանում։
Հուլիսի 30-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Երևանի հստակ դիրքորոշումը երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման հարցում։ Թեև հուլիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում այս թեման չի քննարկվել, հայկական կողմը շարունակում է պնդել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների օր առաջ կատարման վրա։
Խոսքը վերաբերում է դեռևս 2008 թվականին կնքված համաձայնագրին, որով հայկական երկաթուղային ցանցը 30 տարով հանձնվել է ռուսական «ՌԺԴ» պետական ընկերության հավատարմագրային կառավարմանը՝ պայմանագիրը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այսօր գլխավոր խնդիրը ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող ռազմավարական նշանակության մի շարք հատվածների հրատապ վերականգնումն է, մասնավորապես՝ Ախուրիկում Հայաստան-Թուրքիա սահմանից, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ, ինչպես նաև Տավուշում՝ մինչև Իջևան կայարան ձգվող գծերի։
Հայաստանի գործադիրի ղեկավարը նախկինում ևս հորդորել էր ռուսական կողմին արագացնել այս աշխատանքները։
Անցյալ տարեվերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է սեփական միջոցներով ֆինանսավորել ենթակառուցվածքների վերականգնումը, եթե ռուսական կողմը խախտի պատշաճ ժամկետները։ Որպես այլընտրանքային լուծում՝ փետրվարին շրջանառվել էր նաև կառավարման իրավունքը ՌԴ-ից որևէ բարեկամ երրորդ երկրի կողմից գնելու տարբերակը։
Վարչապետի խոսքով՝ Երևանը տրամադրված է խաղաղ երկխոսության, բայցև պատրաստ է իրավական քայլերի, ընդհուպ մինչև արբիտրաժային դատարան դիմելուն: