10.08.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Նախկին պատգմավորի հայրը ձերբակալվել է 228 մլն դրամի հողերի աճուրդների գործով

Լուսանկարը` iravaban.net
Լուսանկարը` iravaban.net

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը և տեղական ինքնակառավարման մարմնի ևս հինգ նախկին պաշտոնյաներ ձերբակալվել են: Իրավապահները նրանց մեղադրում են կեղծ աճուրդների միջոցով շուրջ 228 միլիոն դրամ ընդհանուր արժեքով համայնքային հողերն ապօրինի օտարելու մեջ։


Հայաստանի Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 1996-2021 թվականներին համայնքը ղեկավարած Արա Մկրտչյանը, ով նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, գործել է աշխատակազմի այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ։ Ըստ վարույթի նյութերի՝ հանցավոր սխեմայում առանցքային դերակատարում է ունեցել Մկրտչյանի եղբորորդին, ով զբաղեցրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև աճուրդային հանձնաժողովի այլ անդամներ։


ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության տվյալներով՝ 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնյաները կազմել են չկայացած աճուրդների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Այդ շինծու թղթաբանության հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության 28 միավոր հողամասեր ձևականորեն օտարվել են իբր աճուրդներում հաղթող ճանաչված անձանց։


Քննչական մարմինը շեշտում է, որ այս հակաօրինական գործողություններով համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օրինական կառավարման և դրանք օրենքի տառին համապատասխան օտարելու իրական հնարավորությունից, ինչի հետևանքով Քասախին հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:


Ներկայումս Արա Մկրտչյանի և համայնքապետարանի ևս հինգ նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28 դրվագով՝ նախկին Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։ Բոլոր վեց ֆիգուրանտները ձերբակալված են, և նախաքննական մարմինը դիմելու է դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։