Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ժապարովը
Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։
«Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,-ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը։
Սադիր Ժապարովն ընդգծել է ՀՀ վարչապետի ջանքերը՝ Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված և համոզմունք հայտնել, որ խաղաղության և կայունության ապահովումը կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ «Այս համատեքստում Ղրղզստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Ղրղզստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ձգտմամբ: Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը և հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը»,-նշել է Ղրղզստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Սադիր Ժապարովին՝ Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ մշտական) անդամ ընտրվելու առիթով։ «Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,-ասել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղզստանի կառավարության և Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։ «Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։