Ծառայության ժամկետը կրճատվել է ոչ բոլորի համար. զինվորների ծնողների բողոքի ակցիան
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել այն զինծառայողների ծնողները, որոնց որդիները զորակոչվել են մինչև օրենսդրական փոփոխությունները։ Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է՝ 2 տարուց դառնալով մեկուկես տարի (18 ամիս)։
Սակայն այս փոփոխությունը չի տարածվում այն զինվորների վրա, ովքեր արդեն ծառայության մեջ էին մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը։ Ծնողները պահանջում են վերանայել այս որոշումը և կիրառել ժամկետի կրճատումը նաև իրենց որդիների նկատմամբ։ Նրանց պնդմամբ՝ ստեղծվել են անհավասար պայմաններ, երբ նույն զորամասում և նույն դիրքերում կողք կողքի ծառայող տղաներից մեկը պետք է տուն վերադառնա 6 ամիս շուտ, քան մյուսը։
«Մեր որդիները նույն դժվարություններն են կրում, նույն մարտական հերթապահությունն են անում։ Ինչո՞ւ պետք է նրանք 24 ամիս ծառայեն, իսկ նոր եկածները՝ 18։ Սա անարդար է»,- նշում էին ակցիայի մասնակիցները։