«Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
«Մուլտի Ուելնես» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով անվավեր ճանաչել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու քաղաքապետարանի որոշումը և վերականգնել ընկերության պետական գրանցումը, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ դատական գործի նյութերի՝ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2026-ի հունիսի 8-ի գործարքը, որով Երևան համայնքը հրաժարվել է «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի հետ 2016-ի հոկտեմբերի 10-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից։
Հայցվորը նաև պահանջում է կիրառել անվավերության հետևանքներ՝ չեղյալ հայտարարելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2026-ի հուլիսի 14-ին կատարված պետական գրանցումները։
Դրանցով դադարեցվել էր ընկերության կառուցապատման իրավունքը Երևան քաղաքի Խանջյան 22 հասցեի անշարժ գույքի նկատմամբ և գրանցվել համայնքի սեփականության իրավունքը։
Ընկերությունը պահանջում է վերականգնել իր կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 3-ին, իսկ օգոստոսի 4-ին գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Ըստ քաղաքապետարանի՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել:
«Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը հուլիսի 31-ից վերաբացվել է նոր անունով՝ Yerevan Wellness:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանին։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել է։ Կապարակնքվել են նրան պատկանող մի շարք ձեռնարկություններ։