Շուրջ 179 մլն դրամ կհատկացվի Սևանում «Վարչաֆեստ 2026» փառատոնի համար
Լուսանկարը` newday.am
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից կֆինանսավորի Սևանա լճի ափին նախատեսվող երիտասարդական նոր նախագիծը։ Մրցույթ-փառատոնի կազմակերպումը վստահվել է պետական գնումներում և հեռուստատեսային նախագծերում մեծ փորձ ունեցող ընկերության։
Հուլիսի 30-ի նիստում գործադիրը որոշում է ընդունել մոտ 179 միլիոն դրամ հատկացնել «Վարչաֆեստ 2026» երաժշտական միջոցառման անցկացմանը։ Ըստ ծրագրի հեղինակների՝ նախագծի գլխավոր նպատակն է բացահայտել ու խրախուսել նորաստեղծ երաժշտախմբերին, տարածել հեղինակային ու կենդանի երաժշտությունը, ինչպես նաև խթանել մշակութային զբոսաշրջությունը Սևանի տարածաշրջանում։
Միջոցառման կազմակերպչի ընտրության նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գնառաջարկ էր ուղարկել հինգ ընկերության, որոնցից արձագանքել են միայն երկուսը։ Ուսումնասիրության արդյունքում որպես կատարող ընտրվել է «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։
Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի նոյեմբերին, և դրա միակ բաժնետերը ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն է։ Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում է պետական գնումների գործընթացներին և պաշտոնական տվյալներով՝ նախկինում բազմիցս համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ:
Պետական գնումների էլեկտրոնային «Արմեփս» համակարգում գրանցված տասներեք պայմանագրերից տասներկուսը ընկերությունը կնքել է հենց Հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։