29.07.2026
Ջալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն որոշել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին:


Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկվել է գլխավորել Սիսակ Գաբրիելյանին, իսկ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Լուսինե Բադալյանին:


Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սոնա Ղազարյանը, իսկ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պաշտոնում՝ Սարգիս Խանդանյանը:


Բացի այդ, Զարուհի Բաթոյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:


Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է դարձել Վիլեն Գաբրիելյանը, իսկ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է՝ Արուսյակ Ջուլհակյանը։ 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել  Տրդատ Սարգսյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Վահե Ղալումյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Բաբկեն Թունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Ծովինար Վարդանյանը։ 


Հանձնաժողովների նախագահների նշանակման վերջնական որոշումը կկայացվի Ազգային ժողովի կողմից՝ սահմանված կարգով:


 Ինրպես լրագրողների հետ զրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  այս որոշումը դեռ չի նշանակում, թե ներկայացված բոլոր թեկնածուները կընտրվեն հանձնաժողովների նախագահներ։ Նրա խոսքով՝ վերջնական պատկերը կախված է նաև այն հանգամանքից, թե ընդդիմադիր խմբակցությունները որ մշտական հանձնաժողովների ղեկավարումն են ընտրելու։


Լրագրողների հարցին, թե իշխանությունն արդեն որոշե՞լ է, թե որ երկու հանձնաժողովները կվերապահվեն ընդդիմությանը, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ վերջնականապես փակված չէ։


«Քննարկում ունեցել ենք, որոշում էլ կա, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր են որոշակի ճշգրտումներ, դրա համար հիմա չեմ ցանկանում հայտարարել»,– ասաց նա։


Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՔՊ վարչության ընտրության ժամանակ Վիլեն Գաբրիելյանը հաղթել է Արմեն Խաչատրյանին, իսկ Սասուն Միքայելյանը չի ընտրվել, Փաշինյանը նշեց, որ մի շարք դեպքերում թեկնածուների միջև պայքարը բավականին հավասար է եղել։


Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ միաձայն ընտրված թեկնածու չի եղել։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է եղել նաև երկրորդ փուլ, իսկ մի քանի թեկնածուների միջև տարբերությունը կազմել է ընդամենը մեկ ձայն՝ 9-ը՝ 10-ի դիմաց։


Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուների թվում պահպանվել է գենդերային հավասարակշռությունը՝ վեց կին և վեց տղամարդ։ Նրա խոսքով՝ որևէ հատուկ միտում չի եղել, իսկ նման արդյունքը ձևավորվել է բացառապես փակ քվեարկության արդյունքում։