Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայկական արտահանման առնչությամբ առաջացած սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնարար սկզբունքներին և պետք է վերացվեն։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո պարզ է դարձել, որ Հայաստանը խնդիրներ ունի արտահանման ոլորտում, ինչպես նաև՝ ինչու եվրոպական շուկաները չեն կարողացել փոխարինել ռուսականին, նախարարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ անդամ պետությունները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը։
«Եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդամենը, որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, բարձրացնում ենք այդ հարցը, որովհետև ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի և գործի, այլ ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման գործի կամ չգործի», - նշել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ այն արտադրանքը, որն առանց խնդիրների վաճառվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական միության շուկայում և Չինաստանում, չի կարող պատճառ չունենալու դեպքում չվաճառվել նաև Ռուսաստանի Դաշնությունում։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե արտահանման խնդիրը քաղաքական բնույթ ունի, և հիշեցմանը, որ նախկինում նախարարն ասել էր, թե հուլիսից հետո հարցերը կլուծվեն, Պապոյանը նշել է, որ Հայաստանի նպատակը խնդիրը քննարկման առարկա դարձնելն է, որպեսզի վերականգնվի ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքների լիարժեք կիրառումը։
«Երբ մենք բարձրացնում ենք այդ հարցը, ուզում ենք, որ այն քննարկվի և լուծվի այնպես, որ ԵԱՏՄ-ի սկզբունքներն աշխատեն։ Այդ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, իմ կարծիքով՝ դա ամբողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է։ Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության և չենք կարող որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք», - ընդգծել է նախարարը։