29.07.2026
Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը Henley Passport Index-ի նոր վարկանիշում
prev Նախորդ նորություն

Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնման հնարավորություն կա. Խուդաթյան

Ֆոտո. arka.am
Ֆոտո. arka.am

Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մանրամասները, ներառյալ՝ հնարավոր ժամկետները։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նախարարի խոսքով՝ արձանագրվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բնական գազի պահանջարկ։ «Մենք հաջողությամբ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը որոշակի ծավալներով, և ակնհայտ է, որ մեր առկա հնարավորություններն ավելի մեծ են այդ ծրագրի իրականացման համար։ Օրինակ՝ գազատարի թողունակությունն ավելի մեծ է, իսկ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո կկարողանանք նաև մեծացնել էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը։ Հետևաբար հնարավորություն կա ընդլայնել գործարքը՝ փոխադարձաբար միմյանց ավելի մեծ ծավալներով գազ և էլեկտրաէներգիա մատակարարելու ու ստանալու», - ասել է Խուդաթյանը։


Նա նշել է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ծրագրի ընդլայնման բոլոր մանրամասները, այդ թվում՝ հնարավոր ժամկետները։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսական գազին փոխարինող է փնտրում և այդ նպատակով է փորձում ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ, նախարարը նշել է, որ նման մտահոգություն չկա։


«Մտահոգություն չկա։ Սա աշխատանքային գործընթաց է։ Մենք արդեն բազմաթիվ տարիներ՝ առանց դադարի, տարվա բոլոր 12 ամիսներին, իրականացրել ենք այս գործարքը։ Տարբեր տարիներին եղել են ծավալների որոշակի փոփոխություններ, իսկ հիմա պարզապես արձանագրել ենք, որ ծրագրի շրջանակն ընդլայնելու հնարավորություն կա։ Այդ հարցը կքննարկեն ստեղծվելիք աշխատանքային խմբերը», - ընդգծել է Խուդաթյանը։