ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Դատախազության միջնորդությանը: Այս մասին փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Վարդևանյանը սա որակել էր «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն, ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:
Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։